Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմայի ածխահանքում տեղի ունեցած աղետի կապակցությամբ բողոքի ակցիաները երկրում չեն դադարում: Մայիսի 23-ի երեկոյան ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլ ու Անկարա քաղաքներում: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունը կիր առել է ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ:
Նախօրեին Ստամբուլի Օքմեյդան հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քարեր էին նետել ոստիկանների վրա: Օքմեյդանում ոստիկանության ու ցուցարարների' մայիսի 22-ից սկսված բախումների արդյունքում արդեն երկու քաղաքացի է մահացել:
Ստամբուլում և Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են Սոմայի ածխահանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած վթարից հետո, որի արդյունքում 301 մարդ զոհվել, 487 մարդ վնասվածքներ է ստացել: Ցուցարարները աղետի համար պատասխանատու են համարել թուրքական կառավարությանը' մեղադրելով հանքում անվտանգության կանոնները պատշաճ մակարդակի վրա չպահելու և անտարբերություն ցուցաբերելու մեջ: