Հայաստանը և Հորդանանը փոխադարձ ներդրումների իրականացման համար բարենպաստ պայմաններ կապահովեն, ինչը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Հայաստանի խորհրդարանը քննարկում է «ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Հովհաննես Ազիզյանն ընդգծեց, որ համաձայնագրի նպատակը ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելն է, մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումը, ներդրումների համար կայուն հիմք ստեղծելը, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: «Համաձայնագրով երկու կողմերը ստանձնում են պարտավորություններ: «Մասնավորապես, կողմերը պարտավորվում են իրենց տարածքում մյուս կողմի համար ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրումների իրականացման համար, ներդրումային հնարավորությունների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել՝ ապահովելով լիակատար պաշտպանություն ներդրումների և եկամուտների նկատմամբ, խտրական վերաբերմունքով չխոչընդոտել ներդրողներին»,- մանրամասնեց Հովհաննես Ազիզյանը:
Նա հավելեց, որ պայմանագրի համաձայն՝ կողմերի ներդրումների կամ եկամուտների նկատմամբ պետք է ապահովվի արդար և հավասար ռեժիմ, ներդրողների, ներդրումների, եկամուտների նկատմամբ չպետք է սահմանվի պակաս բարենպաստ ռեժիմ, քան կա սեփական ներդնողների համար:
Ներդնողների իրավունքների երաշխավորման կարևոր դրույթներ են պարտադրող միջոցների չկիրառումը նյութերի ձեռքբերման, մարքեթինգի, տրանսպորտի, արտադրանքի իրացման հարցերում: