Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դերասանի քույրը' Մարինա Ջիգարխանյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին մանրամասներ է ներկայացրել եղբոր առողջական վիճակից եւ նրա շուրջ ծագած սկանդալային միջադեպից:
Օրեր առաջ դերասանի կինը' Վիտալինա Ցըմբալյուկ- Ռոմանովսկայան, հաղորդել էր, որ Արմեն Ջիգարխանյանին առեւանգել են: Դերասանի կինը դրանում մեղադրել է ամուսնու գործընկերներ Հայրապետ Հովհանիսյանին ու Արթուր Սողոմոնյանին, ովքեր, ըստ Ջիգարխանյանի կնոջ, աչք են դրել թատրոնի վրա: Վիտալինան այս մասին հաղորդել է նաեւ ոստիկանությանը:
Հետագայում հայտնի է դառնում, որ կնոջ մասին ոստիկանությունում հաղորդում է տվել նաեւ հենց ինքը' Ջիգարխանյանը: Համացանցում լուրեր են պտտվում, որ Արմեն Բորիսովիչը «վռնդել» է Վիտալինային ոչ միայն իր կյանքից, այլեւ թատրոնից:
Դերասանի քույրը, սակայն, պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ չէ, եւ բավական լուրջ հիվանդություններ ունի: «Դա պետք է հաշվի առնել: Նախ՝ նրան օգնություն ցուցաբերեց շտապօգնությունը, ապա եղբորս նորից թատրոն բերեցին, իսկ հետո նորից հիվանդանոց տեղափոխեցին»,-ասաց նա:
Մարինա Ջիգարխանյանի խոսքով' այս ամենը կատարվել է նյարդային պոռթկումների պատճառով: «Ես խոսել եմ հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ: Եղբորս հետ ամեն ինչ կարգին է, նա այժմ բժիշկների հսկողության տակ է: Նրա մոտ շաքարն էր բարձրացել, իսկ երբ մարդու շաքարը բարձրանում է, նա իրեն շատ վատ է զգում եւ հաճախ ոչ ադեկվատ քայլեր է անում: Նրան արդեն օգնություն են ցուցաբերում, նա բուժվում է»,-ասել է Մարինա Ջիգարխանյանը:
Անդրադառնալով' Ջիգարխանյանի կնոջ դեմ ուղղված մեղադրանքներին եւ ոստիկանությանը տված հաղորդմանը, դերասանի քույրն ասաց, որ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել: «Կան մարդիկ, ում դուր է գալիս միջամտել ուրիշների ընտանեկան հարցերին: Ամեն բան սկսվեց նրանից, որ Արմենի մոտ եկել էին ընկերները, հետո եղբայրս իրեն վատ է զգացել եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: Արմենի ընկերները, չգիտես ինչու, այդ մասին չեն տեղեկացրել Արմենի կնոջը, եւ նա դրանից նյարդայնացել է, քանի որ միայն նա գիտեր, թե ինչ դեղեր պետք էր տալ եղբորս: Ես խոսել եմ Արմենի ընկերներից մեկի հետ եւ ասել, որ նման բան անել չի կարելի: Ամեն ինչ պետք է համաձայնեցված անել: Ես չգիտեմ, թե նրա այսպես կոչված «ընկերները» որտեղ են տարել եղբորս եւ ինչ փաստաթղթեր են ստորագրել տվել, երբ նա գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, սակայն նրանց այդ արարքը ես համարում եմ խայտառակություն»,-թղթակցի հետ զրույցում պատմել է Ջիգարխանյանի քույրը հավելելով, որ նրա «ընկերներն» Արմենի վաղեմի բարեկամներն էին, ովքեր նրան լրիվ այլ հիվանդանոց էին տեղափոխել, փոխանակ տանելու այն բուժհաստատություն, որտեղ բժիշկները ծանոթ էին իր հիվանդության պատմությանը. «Փառք Աստծո, հիմա ամեն բան կարգին է»:
Թղթակցի այն հարցին, թե ինչու Վիտալինային չեն թողնում տեսակցել ամուսնուն, Մարինա Ջիգարխանյանը պատասխանել է, որ Արմենը հիմա այնպիսի վիճակում է, որ բժիշկները արգելում են տեսակցությունները, քանի որ դա կարող է նրա համար մեծ սթրես լինել:
Ջիգարխանյանի քույրը վստահեցրել է նաեւ, որ Վիտալինան շատ լավ անձնավորություն է, եւ եթե նա չլիներ, իր եղբայրն արդեն վաղուց կենդանի չէր լինի: «Վիտալինան շատ անգամներ է եղբորս դուրս բերել անդունդի միջից: Արմենն այդ օրը ամեն ինչ արել է հիվանդության բռնկման ազդեցության տակ: Եղբայրս այսօր ողջ է միայն Վիտալինայի աղոթքների շնորհիվ»,-եզրափակել է Մարինա Ջիգարխանյանը: