Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել են երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ գազային ատրճանակից կրակոց արձակած անձի ինքնությունը:
Պարզվել է, որ նա Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սամսոնյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք:
shamshyan.com-ի տեղեկություններով, Ն. Սամսոնյանը ոստիկաններին հայտնել է, որ կրակոցն արձակել է ինքը՝ իր մոտ եղած «Կոլտ» մակնիշի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից:
Ն. Սամսոնյանը ներկայացրել է ատրճանակը՝ 5 փամփուշտով: Ատրճանակը առգրավված է, նշանակվել է փորձաքննություն:
Ն. Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահն է, իր շան հետ զբոսնելիս է եղել, երբ մեկ այլ քաղաքացի էլ իր շան հետ է զբոսնելիս եղել:
Նարեկը խնդրել է այդ աղջկան, որպեսզի շանը պահի, որպեսզի չհարձակվի իր «Խասկի» շան վրա: Տեսնելով, որ իր հորդորը անպատասխան է մնում, շանը վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ է կրակել: