Շեշտը պետք է դնել Հայաստանում ռուսերենի դասավանդման որակի վրա: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշել է՝ Հայաստանում ռուսերենին միշտ էլ լավ են վերաբերվել և այն միշտ էլ լայն տարածում է ունեցել. «Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մշակումը կապ չունի երկրի ԵԱՏՄ անդամակցության հետ: Այս հայեցակարգի ընդունմանը ոչինչ չի խանգարի: Հայեցակարգի ընդունմամբ որևէ կտրուկ փոփոխություն չի կատարվի, որովհետև Հայաստանում ռուսերենի նկատմամբ միշտ եղել է բարյացակամ վերաբերմունք:
Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսությունները կապված են հազար ճյուղերով, մենք ունենք շատ սերտ հումանիտար համագործակցություն և լեզվի իմացությունը պարզապես անհրաժեշտ է», - ընդգծել է նա:
Նա նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում, որ աշակերտները լիարժեք տիրապետեն ոչ միայն մայրենի լեզվին, այլև՝ օտար լեզուներին, որոնց թվում առաջնային տեղ է զբաղեցնում ռուսերենը. «Հայաստանում ռուսերենի ուսուցումը սկսվում է երկրորդ դասարանից: Այսօր ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ նոր սերնդի դեպքում ռուսերենի ուսուցման ու տարածման ավանդույթները պահպանելու համար», - ասել է նա՝ ավելացնելով, որ երկրում իրականցվում են հանրակրթական ծրագրերի ու ուսուցման մեթոդների արդիականացման միջոցառումներ:
Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը մշտապես առանձնացել է ռուսերենի մասնագետների իր դպրոցով, ինչպես մյուս լեզուները, ռուսերենը ևս կենդանի օրգանիզմ է, որն անընդհատ զարգանում է. «Հարկավոր է կիրառել դասավանդման նոր մեթոդներ, հաճախ կազմակերպել համապատասխան սեմինարներ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում»: