Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ միջպետական կապերի ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն գործարար հանրության, առևտրաարդյունաբերական պալատների, զարգացման մասնագիտացված գործակալությունների մակարդակով շփումները: Այս համատեքստում ընդգծվել է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը:
Հայաստանի վարչապետը հատկապես կարևորել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության ստեղծման, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցերին:
Կարեն Կարապետյանը և Աբդուլա Արիպովը պայմանավորվել են նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին, որը կհանգեցնի երկու երկրների միջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերի ակտիվացմանը:
Այսօր երեկոյան նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: