Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը, որը կոչվելու է «Հանուն Հայաստան պետության ճակատ», օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հռչակագրին՝ 1990-95 թթ. ԳԽ պատգամավոր, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամներից Ալբերտ Բաղդասարյանը նշեց, որ հռչակագիրը, ըստ էության, պետք է լիներ հակիրճ, որպեսզի հասկանալի լիներ և առավելագույն ընդգրկում ունենար, սակայն Հայաստանի խնդիրներն այնքան շատ են, որ եթե փորձեին ամեն բան ընդգրկել, հռչակագիրը կվերածվեր վեպի. «Խնդիրները լուծելու համար ստացել ենք այս ծավալի, բովանդակության, շեշտադրումներով հռչակագիր, որը վերաբերում է Հայաստանի ներկայիս վիճակին և դրանից դուրս գալու ուղիներին»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ սա հնարավո՞ր է՝ արժանանա մնացած հռչակագրերի ճակատագրին, քանի որ հռչակագրեր բազմիցս են եղել, թե՞ կառանձնանա ինչ-որ առումով, Բաղդասարյանն ասաց, որ իրենք փորձում են ամեն ինչ անել, որ սա չդատապարտվի մյուս հռչակագրերի ճակատագրերին, որոնց հեղինակները գուցե հետևողական չեն եղել կամ իրավիճակն այնպիսին չի եղել, որ ապահովեր որևէ հռչակագրի կենսունակությունը:
«Հռչակագրում այնպիսի կետեր են ամրագրվել, որոնք հուզում են ոչ միայն իշխանությունից դուրս գտնվող յուրաքանչյուր քաղաքացու, այլև հենց իշխանության մեջ գտնվող քաղաքացիներին: Նրանք ևս հստակ տեսնում են Հայաստան պետության գլորման գործընթացը և նրանց մեծ մասն էլ դժգոհ են այս իրավիճակից: Հետևաբար, այս հռչակագրի իմաստը ժողովրդի լայն ընդգրկում ապահովելն էր: Հռչակագրում ամրագրել ենք նաև՝ մեր ժողովուրդը տարվող քաղաքականության հետևանքով մատնվում է անտարբերության, հիասթափության, հավատ չունի որևէ գործընթացի և գործընթացը տանողների նկատմամբ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սա համարում են շատ կարևոր գործոն իրենց հետագա քայլերն իրականացնելու համար:
Նրա խոսքով՝ այս պահին ձևավորվում է ճակատ, որի խնդիրը, սակայն, շարժման վերածելն է, որի մեջ ընդգրկված են ոչ միայն տարբեր գաղափարախոսություններ կրողներ, այլև մի նպատակ՝ հզոր, անկախ պետություն ունենալ հետապնդող մարդիկ. «Գաղափարի շուրջ համախմբված են ամենատարբեր մարդիկ՝ գիտնականներ, արվեստագետներ, դերասաններ, երգահաններ, ովքեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն, այդպիսիները միացել են: Մենք հույս ունենք, որ պասիվներն էլ կմիանան և արդյունքում կձևավորվի մի բազմաշերտ համակարգ, նաև կհանի իշխանության մեջ գտնվող այն շերտի դիմադրությունը, ովքեր հստակ գիտակցում են, թե ինչ իրավիճակում է երկիրը: Վերջիններս, եթե չդառնան էլ մասնակից, ապա կդառնան համակիր և պասիվ հակադրվողներ, ովքեր չեն կանգնի իշխանության կողքին՝ շարժումը ճնշելու ժամանակ»,- նկատեց Բաղդասարյանը՝ նշելով, որ համախմբումը կախված է նախաձեռնողների հետևողականությունից, համոզվածությունից և սկզբունքայնությունից:
Սոնա Հարությունյան