ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին տարածեցին հայտարարություն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել: Հանդիպումը տեղի կունենա Վիեննայում` դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում: Դժվար է ասել՝ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի  նախագահների մակարդակո՞վ, թե նախաձեռնությունը գալիս է համանախագահներից: Միևնույն ժամանակ հարկ է առանձնացնել համանախագահների հայտարարության մի շարք ուշագրավ մեսիջներ: Համանախագահները նշում են, որ պատրաստելու են արտգործնախարարների բանակցության օրակարգը, որն էլ կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր և լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ինչ իմաստ է դրված «սուբստանտիվ հարց» բառակապակցության մեջ՝ միարժեք ասելը բավականին բարդ է, քանի որ այդ տերմինն ունի իմաստային տարբեր երանգներ, մի կողմից՝ կարող է նշանակել, այսպես ասած, որեւէ կախվածություն չունեցող հարցեր, մյուս կողմից՝ կարող է ենթադրել առարկայական, շոշափելի հարցեր:

Ի՞նչ սուբստանտիվ հարցերի մասին է խոսքը, և արդյո՞ք դա ենթադրում է ֆորմատի փոփոխություն 2018-ից հետո, երբ փաստացի Հայաստանում փոխվելու է պետության առաջին դեմքը:  Բնականաբար նոր Սահմանադրությամբ վարչապետն է քաղաքական և տնտեսական հարցերի գլխավոր կրողը, հետևաբար պետք է տիրապետի այդ հարցերին, և, ամենայն հավանականությամբ, նա պետք է վարի բանակցությունները: Թեև ես չեմ բացառում, որ Արցախի հարցով բանակցությունները վարելու իրավունքը կարող է տրվել նաև նախագահին, որի լիազորությունները մեզ մոտ հիմա թերագնահատվում է: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Հայաստանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կապված արտգործնախարարների առանձին՝ սուբստանտիվ ֆորմատի ձևավորման հետ:

 Համանածագահների մյուս կարևոր ուղերձը այն մասին էր, որ հանդիպման օրակարգը նախապատրաստելիս ներկայացնելու են շփման գծում լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում առաջարկություն եղավ՝ շփման գծում մոնիտորինգի հետաքննող մեխանիզմներ ներդնել: Այն կարող էր հնարավորություն տալ տեսնելու և հստակ տեղեկանալու, թե ում կողմից է պարբերաբար խախտվում զինադադարը, որի հետևանքով զոհեր են լինում: Հայաստանը միջնորդների այս առաջարկին կողմ էր, ավելին՝ դա նաև բանակցային գործընթացն առաջ տանելու համատեքստում հայկական կողմից բարձրացված կարևոր հարցերից էր: Հետաքննող համակարգերի ներդրմանը, սակայն, Ադրբեջանը դեմ է և համառորեն հրաժարվում է: Ըստ էության, բանակցությունների պաշտոնական ձևաչափից դուրս՝ շվեյցարահայերի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այս նկատառումով է հայտարարել, թե ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և առաջնագծում զոհեր չունենանալու վերաբերյալ: Արդյո՞ք հստակ միջոցները ենթադրում են հենց այդ մեխանիզմի ներդնումը՝ արդեն գործնականում: Գուցե Լավրովի այցը տարածաշրջան անհրաժեշտ է դիտարկել հենց կողմերին համոզելու, արտգործնախարարների հանդիպմանը ընդառաջ վերջին շտրիխները անելու տեսանկյունից:Համանախագահները նման հայտարարություն են անում ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումից անմիջապես հետո: Կարելի է ենթադրել, որ Լավրովի առաքելության գլխավոր նպատակը լինելու է Ալիևի կոշտ դիրքորոշմանը պրագմատիզմ հակադրելը:

 

Ստելլա Խաչատրյան