Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում այսօր՝ նոյեմբերի 20-ին ամբաստանյալները և փաստաբանները հանդես են գալիս ճառերով: Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել էր ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման հոդվածներով:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը ներկայացրեց իր ճառը, այնուհետև իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները որակեց անհիմն:
«Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում քանիցս ասել է՝ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, իսկ զենքի համար գումար՝ Բաբայանը չի տրամադրել: Ձեռք բերված զենքը պլանշետով լուսանկարել են և ցույց տվել Սամվել Բաբայանին: Սամվել Բաբայանի առնչությունն այս ամենին՝ եղել է որպես խորհրդատու», - ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ եթե Գաբրիելյանի ցուցմունքներին նշանակություն տրվեր՝ Բաբայանին նման մեղադրանք չէր առաջադրվի:
Նրա խոսքով՝ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա և չկան ապացույցներ. «Մեղադրանքում նշվածը, թե Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որևէ փաստական հանգամանքով»,- նշեց փաստաբանը` միջնորդելով ռազմամթերքի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքի մասով արդարացնել իր պաշտպանյալին:
Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել: