Երևան համայնքի սեփականություն համարվող ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 37 սարքերը կնվիրաբերվեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։
Երեւանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին օրակարգում ընդգրկված հարցը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը.«2017 թվականին համայնքային բյուջեի հաշվին ձեռք է բերվել տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար նախատեսված կանգառների անվանումները ավտոմատ հայտարարելու 37 սարք: Դրանք շահագործելու համար առաջարկվում է գույքը նվիրաբերել «Երեւանի ավտոբուս» ընկերությանը սպասարկումը եւ շահագործումն իրականացնելու համար»,-ասաց Նավասարդյանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով` սարքերն արդեն տեղադրված են: «Մենք դրանք տրամադրում ենք «Երեւանի ավտոբուս» կազմակերպությանը, որը Երեւանի ենթակայության կառույց է»,-ասաց նա:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը նշեց, որ հարցին դեմ են քվեարկելու, քանի որ կասկած կա սարքերի ձեռքբերման գործընթացի թափանցիկության եւ դրանց սարքին լինելու հետ կապված:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին առաջարկեց անձամբ մասնակիցը լինել սարքերի շահագործմանը: «Դա կլինի ձեր կողմից մեր երեւանցիներին օգնություն եւ աջակցություն»,-հավելեց քաղաքապետը: Երեւանի ավագանին ձայների 52 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընդունեց օրակարգում ընդգրկված հարցը: