«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտի 1-ին Արցախում գտնված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո էր դեռեւս հայտարարել, որ մինչեւ տարեվերջ մի երկիր կճանաչի Արցախի անկախությունը:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին հիշեցրինք, որ տարին ավարտվում է, ե՞րբ տեղի կունենա ճանաչումը: Պարզվեց՝ լրատվամիջոցները «խեղաթյուրել» են նախարարի խոսքը (չնայած այդ օրվա ողջ մամուլը ուղիղ մեջբերմամբ էր ցիտել նախարարին). «Նայեք մեր կայքը. նախարարը չի ասել` կճանաչի, այլ ասել է` բացառված չէ, որ ճանաչի։ Ասվածն ուժի մեջ է եւ հեռու չէ իրականությունից»:
Ե՞րբ կլինի «ասվածը»։ «Ժամկետները դժվար է ասել»: Իսկ հնարավո՞ր է ձեր կայքում են «խեղաթյուրվել» նախարարի մտքերը։ «Անհնար է. որեւէ շեղում նախարարի ուղիղ խոսքից մենք երբեք թույլ չենք տալիս. խմբագրումներ արվում են, շեղումներ` երբեք»:
Իսկ ո՞ր երկրի մասին է խոսքը՝ Ուրուգվայի՞: «Ոչ։ Նախ՝ մեկ երկրով չի սահմանափակվում մեր աշխատանքը, եւ հետո` դիվանագիտական չէ մոտեցումը, երբ որեւէ երկրի անուն է հնչեցվում»: Նկատի ունեք դաշնակցականների «ոչ դիվանագիտությո՞ւնն» Ուրուգվայի հարցում. ասում են՝ եթե նրանք չհնչեցնեին երկրի անունը, հնարավոր է Ուրուգվայը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Պատասխան չհնչեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում