Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը:
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 5 պատգամավոր:
Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում: Անհամեմատ կրճատվում են թե ապրանքների մաքսային հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, էապես կրճատվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները, մաքսային ընթացակարգերի առումով օրենսգիրքը սահմանում է հստակ կանոններ: «Կրճատվում է ապրանքների հայտարարագրերի ընդունման ժամկետը՝ երկու ժամից սահմանվելով մեկ ժամ: Ընդ որում, սա ոչ միայն կրճատում է, այլ նաև պարտավորեցնում է մաքսային մարմիններին, որպեսզի մաքսային հայտարարագրերում առկա անճշտությունների դեպքում ոչ թե միանգամից մերժեն մաքսային հայտարարագիրը, այլ առկա անճշտությունների մասին տեղեկացնեն տնտեսավարողներին՝ նրանց հնարավորություն տալով ուղղել հայտարարագիրը, որից հետո այդ հայտարարագրի ընդունումը կատարել մեկ ժամվա ընթացքում: Օրենսգրքով նախատեսված է հնարավորություն մաքսային հայտարարագրում իրականացնել առանց ուղեկցող փաստաթղթերի:
ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով ամրագրված է փաստաթղթավորման մեկ պատուհանի սկզբունք, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն, որն արդեն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու պարագայում այդ փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի:
Ներդրված է վճարումների կատարման կանխավճարային համակարգը: Սա հնարավորություն է տնտեսավարող սուբյեկտների համար այն առումով, որ կամավոր է: Այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտները կարող են ունենալ կանխավճարային հաշիվ, որը հնարավորություն կունենան օգտագործել ապրանքային ներմուծումների ժամանակ: Սա տնտեսավարողներին հնարավորություն է տալիս գիշերային ժամերին ներմուծում իրականացնելու դեպքում չսպասել վճարումների համար, այլ ներկայացված հայտարարագրի հիման վրա օգտագործել կանխավճարային հաշվի վրա եղած գումարները և առանց խոչընդոտի ապրանքը տեղափոխել: