ԱԺ-ում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց նախագիծը: Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը ներկայացրեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախնական տարբերակից հետո փոփոխություններն այս նախագծում:
Այն, որ նախագիծը ներկայացնում է Վիգեն Քոչարյանը, այլ ոչ թե նախագծի հայր համարվող՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ինքնին խոսուն մեսիջ է՝ ՀՀԿ-ում տարաձայնությունները օրենքի նախագծի շուրջ՝ չվերացան: Հարությունյանի մոտ այդպես էլ չստացվեց աղմկահարույց օրենքը կապել իր անվան հետ և նրա այս oրենսդրական նախաձեռնությունն ավելի շատ քաղաքական ֆիասկո է հիշեցնում: Հանրապետականները չեն զլանում նշել, որ օրենքի նախագծի առաջին տարբերակը, այն է՝ Հարությունյանի հեղինակածը լի էր թերություններով և անընդունելի ձևակերպումներով, և իրենք այսօր կողմ քվեարկելով, քվեարկելու են նախագահականում խմբագրված տարբերակի օգտին, այն պարզ տրամաբանությամբ, որ Բաղրամյան 26-ի ձևակերպումները միշտ էլ ճիշտ են: «Ավանդապաշտ» հանրապետականների բոլոր առաջարկները հաշվի են առնվել, ՀՀԿ ֆրակցիայում փակ քննարկում է եղել՝ Դավիթ Հարությունյանի ոչ մի պնդում, սկսած վերնագրից, չի անցել։ Հարությունյանը, սակայն, քաջ գիտակցում է՝ եթե օրենքի իրական սպառողները դժգոհ մնան, ասել է թե՝ պարոն Սվիտալսկին իշխանությունների համար ևս մեկ ոչ ականջահաճո հայտարարություն անի, կրակի տակ հայտնվելու է հենց ինքը, այլ ոչ թե օրենքը «տարած հետ բերածները»:
Ստելլա Խաչատրյան