«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ Մոսկվայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որի մասին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը, ունի մեկ պատասխանատու՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան:
Ակնհայտ է, որ նախկինում եւս Հայաստանի պատգամավորները Մոսկվայի օդանավակայաններում մանրակրկիտ զննության, կամ նույնն է, թե ասել խուզարկության են ենթարկվել, սակայն, չգիտես ինչու, այդ մասին լռել են:
Իսկ ինչն է այս պատմության մեջ ուշագրավը. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ մնացած 104 պատգամավորները ունեն դիվանագիտական անձնագրեր: Այսինքն՝ օդանավակայանի աշխատակիցներն իրավունք չունեին նրանց նկատմամբ նույն մոտեցումը դրսեւորել, ինչ ՀՀ քաղաքացու՝ սովորական անձնագիր ներկայացնողի նկատմամբ:
ՀՀ դիվանագիտական անձնագիր ներկայացնող անձին ոչ ոք իրավունք չունի վերաբերվել որպես պոտենցիալ մաքսանենգի կամ ահաբեկչի: Եթե օտարերկրյա իրավապահները նման վերաբերմունք են դրսեւորում Հայաստանի դիվանագիտական անձնագրերի նկատմամբ, ապա այդ հարցը չի կարող անտեսվել: Հայաստանի հանրությունը պետք է իմանա, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, եւ արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ վերջին տարիներին ում պատահի՝ դիվանագիտական անձնագրեր են տրվել:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, փաստացի ընդունել է, որ ստեղծված իրավիճակը աննորմալ է: «Այդ հարցին ուշադրություն դարձնելու ենք, որովհետեւ ընդհանուր առմամբ պետությունների միջեւ պետք է գործի փոխադարձության սկզբունքը»,- ասել է Քոչարյանը»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: