«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում կատարված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո որպես հանրապետության նախագահի առավել հավանական թեկնածու երկար ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը:
Հիշեցնենք` նոր Սահմանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, եւ այդ պաշտոնն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ զրկված է գործադիր իշխանության նկատմամբ որեւէ ազդեցությունից: Նախագահի ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Գագիկ Հարությունյանը ստացել է հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ, եւ, ընդհանրապես, ինքը նման մտադրություն ունի՞, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Հովհաննես Պապիկյանը մեզ փոխանցեց. «Դա աբսուրդ հարց է, Գագիկ Հարությունյանը նման առաջարկ չի ստացել, մտադրություն էլ չկա»: Այլ կերպ ասած՝ Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի հանրապետության նախագահ դառնալ:
Ի դեպ, եկող տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը: Այդ օրվանից ՍԴ նախագահը պետք է վայր դնի իր լիազորությունները: Գործող Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանը փոխնախագահի ինստիտուտ չունի: ՍԴ նախագահն իր բացակայության դեպքում անդամներից մեկի վրա է դնում իր պարտականությունները: Սակայն ՍԴ նախագահի լիազորությունների դադարելու դեպքում պաշոնն ուղղակի թափուր է մնում: Իսկ այդ դեպքում էլ ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է դատարանի՝ տարիքով անդամը: Տվյալ դեպքում ՍԴ ամենատարիքով անդամը Վոլոդյա Հովհաննիսյանն է: Վերջինիս լիազորություններն ավարտվում են եկող տարվա հունիսի 15-ին: Այսինքն՝ նա իր պաշտոնավարման մայրամուտին կհասցնի մեկ ամսով լինել ՍԴ նախագահ»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/759436/