ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնակարգման վերաբերյալ նախագիծը: Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: Նախարարությանը չի հաջողվել նոր հիմնավորում բերել այս որոշմանը, այն մեզ քաջածանոթ է, ըստ նախարարության ՝Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն:

Հիմնավորման մեջ արժեքավոր ոչինչ չկա, պարզապես պետական պաշտոնատար անձինք իրենք իրենց ցանկությամբ՝ առանց մասնագետների, որոշել են, որ պետք է արգելել: Չկա մասնագիտական և փորձագիտական որևէ կարծիք, չկա վիճակագրություն, բայց քանի որ ժամկետներով է սահմանափակված՝երկրորդ կարծիք լինել չի կարող, ապրիլից որոշումը ուժի մեջ կմտնի: Ի՞նչ է ստացվում.փորձ է արվում արգելել նաև այդ մեքենաների վաճառքը: Դա նշանակում է, որ այդ գույքը անձինք չեն կարողանա տնօրինել, այդ թվում՝ վաճառել։ Դա սեփականության իրավունքի բաղկացուցիչ տարրերից է․ եթե արգելում են տնօրինել, ուրեմն խախտում են սեփականության իրավունքը, իսկ Սահմանադրությունը ինչպես գիտենք սահմանում է, որ մարդու սեփականությունը կարող է սահամանփակվել օրենքի հիման վրա, այն էլ փոխհատուցմամբ: Մինչդեռ Վահան Մարտիրոսյանը վստահեցնում էր, որ անգամ փոխհատուցման խնդիր չի առաջանա, քանի որ նախագծով վարորդների իրավունքները չեն խախտվի: Նախագծով առաջարկվում է ոչ այլ ինչ, քան դադարեցնել 30-35 տոկոս բնակչության սեփականության իրավունքը՝ կառավարության որոշմամբ, առանց օրենքի, ընդ որում՝ առանց որևէ լուրջ հիմքի և հիմնավորման։ Պատկերացրեք, թե քանի միլիարդավոր դրամների սեփականության իրավունք է դադարում՝ երկու բառով…

 

Ստելլա Խաչատրյան