Հայաստանի Հանրապետության կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հաշվի առնելով Հայաստան արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները:
Իսկ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը։
Նշենք, որ «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների առաջարկները դեռևս 2017թ. դեկտեմբերի 28-ին քննարկվել են նախագծերը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
Նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը։