Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր առավոտից Սոթքի հանքի աշխատակիցները՝ 70 «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների վարորդներ հավաքվել են հանքի տարածքում և իրենց բողոքն են արտահայտում:
Վարդենիսի և շրջակա համայնքների բնակիչներն, ովքեր աշխատմ են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության շահագործած ոսկու հանքավայրում, դժգոհում են, որ ընկերության նոր, ազգությամբ ռուս սեփականատերն այլևս չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Վարմես» ընկերության հետ, որի վարորդները հումք տեղափոխողներն են, և պատրաստվում է լուծարել այն:
Ցուցարարներն իրենց բողոքի ակցիան էին շարունակում Վարդենիսի համայնքապետարանի մոտ, իսկ այդ ընթացքում ընկերության տնօրենը հանդիպում էր ունենում համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հետ:
Մտահոգ աշխատակիցներից մեկն իր դժգոհությունը հայտնեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «2004 թ.-ից աշխատում եմ Վարդենիսի ոսկու հանքում, կամազի վարորդ եմ: Էսօր եկել ասում են՝ հիմնարկը փակվում է, բա ինչո՞վ ենք ապրելու: Պատճառը ո՞րն ա: Ասում են ձեռք չի տալիս: Ինչի՞ մինչև 2004 թվականից մինչև հիմա արենդը կապած աշխատում են՝ ձեռք ա տալիս, նաչալնիկը փոխվել ա՝ ասում են ձեռք չի տալիս: Էդ ո՞նց եղավ»,- ասաց նա:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտին նշեց, որ քննարկել են պահանջները, բայց վերջնական որոշում դեռևս չկա: Ամեն բան պարզ կլինի հետագա քննարկումներից հետո և մի քանի օրվա ընթացքում կպատասխանեն:
Հավելենք՝ ցուցարարները ճանապարհից հեռացրին մեքենաները՝ բացելով ճանապարհները:
Տեսանյութերն՝ armlur.am-ի