Ալավերդի քաղաքի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով պատասխան տալ, թե ինչու չեն վերանորոգվել քարուքանդ եղած ճանապարհները։
«Մեզ ասել էին, որ ճանապարհների շինարարական աշխատանքները սկսելու էին ապրիլ ամսից և ավարտեին սեպտեմբերին։ Այսօր սեպտեմբերի 3-ն է, և բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի վիճակում են ճանապարհները՝ քանդված, ցեխոտ, մեքենայով անցնում ես, դխկլը-լխկլը ձայներ ա գալիս, չես հասկանում՝ ինչ ա կատարվում։ Մեր նախապայմանը սա է․ մեզ մոտ գան մարդիկ, որոնք կկարողանան մեր հարցերին պատասխանել, թե ինչու մեր ճանապարհները պատրաստ չեն։ Պարոն Սուրեն Պապիկյան, Ձեր ներկայությունը ևս շատ կարևոր է»,- հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ սա իրենց թասիբի հարցն է։
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշում կայացրին ճանապարհը բացել և սպասել շինարարության պատասխանատուների արձագանքին. մինչև ժամը 15։00-ն պատասխան չստանալու դեպքում՝ կրկին մենքենաներով փակել այն։
Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անձամբ էր այցելել Լոռու մարզ՝ տեսնելու, թե ինչու են տեղի բնակիչները դժգոհում Մ6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածի շինարարությունից: Ծանոթանալով խնդրին՝ նախարարը խոստացել էր, որ մինչև սեպտեմբեր Ալավերդի քաղաքի Բաղրամյանի թաղամասից մինչև էնգելս թաղամասն ընկած հատվածում վերջնական ասֆալտապատ ճանապարհ կլինի: Սակայն, նկատենք, որ իրավիճակը բոլորովին այլ է։