Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ' Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոհաբանական մաղթանքին կհաջորդի նռան օրհնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նռնօրհնեք կկատարվի Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում: Ամանորի խորհրդանշական ավանդույթը դարձած արարողությունն իրականացվում է 2014 թվականից:

Հայկական ավանդության մեջ նուռը' որպես ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան' խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն իմաստով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով' միավորված մեկ Եկեղեցու մեջ: