Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Մամեդյարովը խոսել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
 
«Հանդիպման ժամկետը կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կա պայմանավորվածություն գալիք տարվա հունվարի կեսերին հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
 
Նա տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա Եվրոպայի երկրներից մեկում: «Վիեննայում մենք մտքեր փոխանակեցինք: Համանախագահները կգնահատեն քննարկումներն ու որոշում կկայացնեն: Ես անգամ ասացի, որ համաձայն եմ բանակցություններ վարել երկու օր: Կարևորը արդյունք ունենալն է»,- ասել է Մամեդյարովը:
 
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը կայացել է Վիեննայում դեկտեմբերի 6-ին: Հաջորդ օրը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի աշխատանքի արդյունքներով ԼՂ հիմնահարցի առնչությամբ հայտարարություն են ընդունել Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները: