Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հնարավոր է հանդիպեն սեպտեմբերի վերջին Նյու Յորքում' ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նա տեղեկացրել է, որ այդ հանդիպման կազմակերպման համար մինչև ամսվա վերջ տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Ուելսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ընդգծվել է խաղաղության մեծ համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը: