Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կողմից Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայաստանյայց առաքելական եկեղեցու սրահում փետրվարի 28-ին կազմակերպվել է նյույորքաբնակ գործիչ Հրանտ Մարգարյանի նոր գրքի շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» անվանումը կրող գիրքն անգլերենով պատմում է Մեծ եղեռնի տարիներին նահատակ դարձած 13 հայ գրողների կյանքի ու գրական գործունեության մասին:
Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել հայկական մշակույթը օտարերկրյա լսարանին հասանելի դարձնելու նպատակին ծառայող ազգանվեր այս քայլը: «Հրանտ Մարգարյանի նախաձեռնությունն առավել կարևոր է նաև ամերիկահայ համայնքի նոր սերնդին հայ ժողովրդի գրական ժառանգությանը ծանոթացնելու տեսակետից»,-նշել է դեսպան Սարգսյանը:
Միջոցառման ժամանակ ներկայացվել են հատվածներ հայ գրականության մեծերի' Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի և այլոց ստեղծագործություններից: