ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանը, Արայիկ Խանդոյանը և Արմեն Բիլյանը շարունակում են հացադուլը: Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից, Արմեն Բիլյանը՝ դեկտեմբերի 19-ից, իսկ Արայիկ Խանդոյանը՝ դեկտեմբերի 29-ից:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալ Արմեն Բիլյանը շարունակում է հացադուլը և չի պատրաստվում դադարեցնել. «Առողջական վիճակը լավ չէ: Առողջական խնդիրներով պայմանավորված՝ Արմեն Բիլյանը պահանջում է իրեն հետազոտել և տեղափոխել, մասնավորապես, Արմավիր քրեակատարողական հիմնարկ, քանի որ այնտեղ պայմանները մի փոքր ավելի բարվոք են, իսկ Նուբարաշեն ՔԿ-ի խցային պայմաններն իր առողջության հետ համատեղելի չեն»,- ասաց Ֆանյանը:
Մեզ հետ զրույցում «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ևս նշեց, որ իր պաշտպանյալը դեռևս շարունակում է հացադուլը. «Երկու օր առաջ են տեսակցել նրան: Ասում է առողջական վիճակի հետ կապված գանգատներ չունի, թեև առողջական խնդիրներ իր մոտ եղել են մինչ հացադուլ սկսելը: Այս ընթացքում բժշկական որևէ միջամտություն չի ստացել: Մեկ-երկու անգամ ճնշումն են չափել. ցածր է եղել, բայց որևէ այլ բան չկա»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ Խանդոյանի պահանջն առավելապես վերաբերում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին աջակցելուն, որպեսզի նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերեն և այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխեն, որտեղ, ըստ նրանց, պայմաններն ավելի բարվոք են:
Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալ չհաջողվեց, քանի որ նա դատարանում հայտարարել էր, որ հրաժարվել է պաշտպան Հայկ Ալումյանի ծառայություններից: Միայն կարողացանք տեղեկանալ, որ նա ևս չի դադարեցրել հացադուլը:
Սոնա Հարությունյան