Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. ընթացքում փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի. հիմնադրամի միջոցներից փոխհատուցում է ստացել մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած 10 զինծառայող և 27 զոհված զինծառայողի ընտանիք: Հիմնադրամը զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը սկսել է 2017թ. հունվարի 1-ից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զոհված զինծառայողների ընտանիքները հիմնադրամից միանվագ ստացել են 10 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 200-300 հազար դրամ փոխհատուցում: Մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում զոհված շարքային զինծառայողների ընտանիքները ամսական կստանան 200 հազար, պայմանագրային զինծառայողների ընտանիքները՝ 250 հազար, իսկ սպաների ընտանիքները՝ 300 հազար դրամ:
1-ին խմբի հաշմանդամ զինծառայողները հիմնադրամի միջոցներից միանվագ ստացել են 10 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 200-250 հազար դրամ: 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողները միանվագ ստացել են 5 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 100-150 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ 2017թ. ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է 5 միլիարդ 827 միլիոն 982 հազար 595 դրամ գումար, իսկ տարվա ընթացքում կատարված փոխհատուցումները կազմել են 388 միլիոն 500 հազար դրամ:
Տարվա ընթացքում բացի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց պահվող 1000 դրամներից, հիմնադրամի հաշվին նվիրատվություններ են կատարվել: Ամենաշատ նվիրատվությունները կատարվել են Հայաստանից՝ 70 միլիոն 913 հազար 349 դրամ, Ֆրանսիայից՝ 7 միլիոն 279 հազար 500 դրամ, Կիպրոսից՝ 4 միլիոն 810 հազար դրամ, Ռուսաստանից՝ 2 միլիոն 850 հազար 219 դրամ, Կանադայից՝ 2 միլիոն 514 հազար 65 դրամ, Ռումինիայից՝ 1 միլիոն 83 հազար 499 դրամ, Շվեյցարիայից՝ 518 հազար 700 դրամ, Կատարից՝ 298 հազար 840 դրամ: Նվիրվատվություններ են կատարվել նաև ԱՄՆ-ից՝ 186 հազար 520 դրամ, Գերմանիայից, 152 հազար 600 դրամ, Դանիայից՝ 50 հազար դրամ, Կորեայից՝ 48 հազար 200 դրամ, Մեծ Բրիտանիայից՝ 29 հազար 280 դրամ, Սլովակիայից՝ 25 հազար դրամ, Հոլանդիայից՝ 11 հազար 400 դրամ, Ավստրիայից՝ 5 հազար դրամ, Շվեդիայից՝ 5000 դրամ, Օմանից՝ 1000 դրամ: Հիմնադրամին ևս 45 հազար 800 դրամի նվիրատվություն է արվել անհայտ երկրից: Ընդհանուր առմամբ՝ հիմնադրամին կատարվել է 90 միլիոն 827 հազար 972 դրամի նվիրաբերություն:
Հիմնադրամին 12 միլիոն դրամ նվիրաբերել է ՀՀ Նախագահի աշխատակազմը, 3 միլիոն 168 հազար 150 դրամ՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, 3 միլիոն դրամ ստացվել է անանուն նվիրատուից: Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը հիմնադրամին կատարել է 5 միլիոն 557 հազար 360 դրամի նվիրաբերություն, 5-ական միլիոն դրամի նվիրաբերություն են կատարել ««Ռոսգոստրախ Արմենիա» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունները: