ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018 թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Դ.Մարտիրոսյանը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դ.Մարտիրոսյանը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը` Շատին գյուղի «Հոստուն» կոչվող թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ պարզելու միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ 6 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է: