Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը «սարսափելի» է որակում «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ հունվարի 8-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներիի հետ զրույցում նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ցանկացած մահվան փաստ, ցանկացած իրավիճակում՝ անընդունելի է. «Ինչ վերաբերում է հարցին, որ դա անպատժելիության հետևանք է, չեմ կարող ասել. կդժվարանայի նման հետևություն անել, որովհետև ցանկացած հանցագործություն՝ երբ կատարվում է, դա դեռ չի նշանակում անպատժելիության հետևանք: Հիմա ես չգիտեմ՝ արդյո՞ք նա առանց վարորդական վկայականի է եղել, արդյո՞ք վարելու իրավունք ունի, բայց վկայականը առկա չի եղել: Ճանապարհային երթևեկության խախտում եղել է, թե ոչ՝ ես նյութերին չեմ տիրապետում»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Քննիչը միաժամանակ որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։