ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիթ Անանյանը, խոսելով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության շուրջ կատարվողի մասին, նշեց, որ այս փուլում զերծ կմնա որոշակի գնահատականներ տալ այս ընկերության գործունեությանը՝ թեև վստահ է, որ այս ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է մաքսազերծման ոլորտում կարգավորումներ մտցնելու համար։

Այս մասին այսօր, Ազգային ժողովում, 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ասաց Անանյանը և հավելեց․ «Եթե մենք նայում ենք, տեսնում ենք, որ ընկերության ստեղծումից հետո մութ և խառը պատմություններ են ջրի երես եկել։ Ես չեմ կարող ասել, որ հարկեր են թաքցրել, ես ձեռնպահ կմնամ հնչեցնել գնահատական,  որովհետև քննություն է գնում։ Ի սկզբանե եղել են որոշակի կարգավորումներ և նախկինի համեմատ ավելի թափանցիկ է գործել»։ 

 

ՊԵԿ ղեկավարի դիտարկմանն արձագանքեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել ՄԵլքումյանը՝ նկատելով, որ եթե անգամ այս ընկերությունը թափանցիկ է գործել, այնուամենայնիվ, ֆինանսների նախարարությունը պետք է հետամուտ լիներ և պարզեր, թե, օրինակ, 1 կգ-ի համար 0,7 դոլար պահանջվող մաքսազերծման վճարը, որը տոննաներով բեռների մաքսազերծման դեպքում հասնում էր հսկայական գումարների, գնացե՞լ է պետական բյուջե, թե՞ ոչ։