ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Աբխազիայի ռազմական և քաղաքական գործիչ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանի հետ, ով ներկայացնում է, թե ինչ խնդիրներ ունեն Աբխազիայում մեր հայրենակիցներն ու ինչպես են այդ խնդիրներին լուծումներ տալիս:

- Պարոն Տրապիզոնյան, քանի՞ հայ է բնակվում Աբխազիայում, որքանո՞վ են հայերն ինտեգրված տեղի հասարակությանը: Աբխազիայում հայկական կառույցների ներկայացուցիչները միաձայն նշում են, որ վերջին տարիներին նկատվում է դրական առաջընթաց Հայաստանի հետ տեղի համայնքի փոխհարաբերություններում: Ինչպիսի՞ ծրագրեր են իրագործվում, որպեսզի տեղի հայերի կապը հայրենիքի հետ չընդհատվի:   

 

Աբխազիայում բնակվում է մոտ 43.000 հայ, գործում է 25 հայկական պետական դպրոց, որտեղ հայերը սովորում են մայրենի լեզվով: Կա հայկական եկեղեցի, որը չորս տարի առաջ է օծվել եւ ծառայում է հայկական համայնքին: Մենք ունենք շատ կայուն կապ Հայաստանի սփյուռքի նախարարության, նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Մեր բոլոր դպրոցականները, ովքեր լինում են Հայաստանում, «Արի տուն» ծրագրի շրջանակներում, վերադարձից հետո հիմնականում ցանկանում են սովորել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ես կարծում եմ, որ դա  այն ծրագրերից մեկն է, որին պետք է միշտ աջակցել:

Սփյուռքի նախարարությունն ապրիլ ամսին որակավորման բարձրացման համար մեզ մոտ ուղարկեց տարրական դասարանների ուսուցիչների: Կան նաև այլ ծրագրեր, բայց սա մեզ համար ամենակարևորն է: Երկու տարին մեկ՝ անցկացվում է Հայաստանի սփյուռքի նախարարության և Հայաստանի կրթության նախարարության համաժողովը: Եվ մենք մասնակցում ենք այդ բոլոր համաժողովներին:   

Դուք ասացիք, որ Աբխազիայում գործում է 25 հայկական դպրոց, սակայն որքանով մենք տեղյակ ենք, Աբխազիայի հայկական համայնքը մանկավարժական կադրերի պակաս ունի, բացի այդ՝ կա նաեւ հայկական դպրոցների թվի կրճատման միտում, ինչի՞ հետ է դա կապված:

Ցավոք՝ այո՛, դա այդպես է: Աբխազիայի հայկական դպրոցներում աշխատում են հիմնականում խորհրդային ժամանակների մանկավարժներ: Կադրերի պակաս իսկապես կա: Աբխազիայի համալսարանում գործում է հայկական բաժին, որտեղ պատրաստում են դասվարներ, իսկ մնացած մասով, իհարկե կա խնդիր: Ինչ վերաբերում է հայկական դպրոցների թվի կրճատմանը, ասեմ, որ  դա  պայմանավորված է նրանով, որ գյուղական վայրերից մարդիկ պարբերաբար տեղափոխվում են շրջկենտրոններ ու քաղաքներ, գյուղական համայնքներում աշակերտների թիվը նվազում է եւ այլեւս նպատակահարմար չի լինում առանձին դպրոց պահելը:     

 

Պարոն Տրապիզոնյան,  Ռուբեն Թաթուլյանը, ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է Աբխազիայի հայկական համայնքին, թե՞ նրա ծրագրերը սահմանափակվում են Սոչիում և Ադլերում:

-Այո, իհարկե, օգնում է, Ռուբեն Ալբերտին հատկապես վերջին տարիներին չափազանց շատ է աջակցում Աբխազիայի հայկական համայնքին: Նա աջակցել է Աբխազիայում միակ եկեղեցու կառուցման, մշակութային կենտրոն ստեղծելու, դպրոցների վերակառուցման և շահագործման հարցերում: Այդ ամենը բյուջեից ֆինանսավորում չի ստանում: Աշխատանքները կատարել ենք մեր մտերիմ մարդկանց, բարերարների նվիրատվությունների շնորհիվ: Մեզ նաև Սամվել Կարապետյանն է օգնում և մեր այլ հարգելի ընկերները: Ռուբեն Թաթուլյանը վերջին ժամանակներում շատ է օգնում դպրոցներին, անգամ հեռավոր գյուղերին  միկրոավտոբուս է նվիրել, որպեսզի տեղափոխեն երեխաներին: Նա նաև վճարել է ԲՈւՀ-ի հայկական բաժնի ուսանողների ուսման վարձը, ինչպես նաև կրթաթոշակ է վճարում: Այնպես որ՝ մեծ է նրա ներդրումը հայկական համայնքի կյանքում: Անձամբ ես՝ երախտապարտ եմ, որ  կա այնպիսի մարդ, ինչպիսին Ռուբեն Թաթուլյանն է: Լավ կլիներ, որպեսզի այդպիսիները շատ լինեին:   

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեզ աջակցում և օգնում են:  Այսօր կյանքն Աբխազիայում փոքր-ինչ դժվար է, բայց ես կարծում եմ, որ այդ դժվարությունները միասին կհաղթահարենք: Երախտապարտ ենք Արցախին, երախտապարտ ենք Հայաստանին, որ աջակցում և օգնում են մեզ: