ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի՝ ոստիկանության ուժերի կողմից ծեծի ենթարկելու գործով ներկայացրած բողոքը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կյուրեղյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Փաստաբանը նշեց՝ դիմել են Եվրադատարան, քանի որ խախտվել է անձի՝ ՄԻԵԴ-ի 3-րդ հոդվածով (Խոշտանգումների արգելում) նախատեսված իրավունքը․ «Բերման ենթարկվելու ընթացքում և ոստիկանությունում բռնություն է կիրառվել Հայկ Կյուրեղյանի նկատմամբ։ Նա զրկված է եղել իր նկատմամբ կիրառված բռնության արդյունավետ քննության իրավունքից, բացի այդ՝ որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել»,- ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ Եվրադատարանը դիմել է պետությանը և հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը․ «Նկատի ունենալով, թե դատարանն ինչ հարցերի վրա է կանգ առել, ինձ համար ակնհայտ է, որ խախտումը ճանաչվելու է։ ՄԻԵԴ-ը գտնում է, որ բռնություն գործադրած ոստիկանները իրականում պետք է ենթարկվեն պատասխանատվության, որպեսզի կանխվեն հաջորդիվ բռնությունները: Պետության պարտավորությունն է ոչ միայն խախտման դեպքերը արձանագրել, այլև պատասխանատվության ենթակել մեղավոր անձանց։ Այսինքն, եթե Եվրադատարանը խախտումը ճանաչի, ապա մեր պետական ատյանում գործի վերաբացման խնդիր է առաջանալու, ինչպես նաև ոստիկաններին պատախանատվության են ենթարկելու»,- նշեց պաշտպանը։
Հիշեցնենք՝ 2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստից առաջ, Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի վրա ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից հետո ձերբակալվել էր ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Հատուկ քննչական ծառայությունում փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ, որը որոշ ժամանակ անց կարճվել էր։ ՀՔԾ-ն գտել էր, որ ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել, իսկ վնասվածքներն առաջացել են վնասազերծելու ընթացքում։