ՀՀԿ-ի առաջադրած նախագահի  թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ մոտ մեկ ժամ անցկացրել է  Հանրապետական պատգամավորների  հետ։ Նշենք, որ նախաձեռնությունը պատկանում էր Արմեն  Սարգսյանին, ով այս եղանակով փորձել է հասկանալ կուսակցության պատգամավորներին հուզող խնդիրներն ու նախագահի հետ կապված նրանց սպասումները։

ԼՈւՐԵՐ.com-հետ զրույցում Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն, ով, ի դեպ, ներկա է եղել երեկվա հանդիպմանը, նշեց, որ Արմեն Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո իր համար ակնհայտ է մեկ կարևոր բան․ «Պարզ է, որ նախագահի թեկնածուն ամբոջությամբ տիրապետում է այն խնդիրներին, որոնք կան մեր երկրում, լավ գիտի իր անելիքները, որոնք պարտադրված են մեր նոր Սահմանադրությամբ, իսկ եթե սրան ավելացնում ենք նաև միջազգային հանրության հետ աշխատելու նրա աշխատանքային փորձն ու տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ապա ստացվում է, որ նա նախագահի շատ ճիշտ թեկնածու է»,-ասաց Հասանովը՝ հրաժարվելով պատասխանել հարցին՝ արդյո՞ք նման որակներ ունեցող թեկնածուի հնարավոր չէր գտնել հենց ՀՀԿ-ի ներսից կամ Հայաստանից առհասարակ։

 

Պատգամավորը նաև նշեց, որ սպասելիքներ Արմեն Սարգսյանի նախագահությունից՝ շատ ունի․ «Խելացի մարդ է, լավ կաշխատի»,-ասաց նաև և հավելեց, որ  Արմեն Սարգսյանի թեկնածության հետ կապված՝ լսել է նաև Հայաստանի քրդական համայնքի տեսակետը: «Ճիշտ է, տեսակնետները նաև լինում են տարբեր, հնարավոր չէ, որ բոլորի կարծիքը միանշանակ նույնը լինի, բայց այն, որ դրական սպասումներ ունեն, դա փաստ է»,-ասաց Կնյազ Հասանովը։