ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Իտալիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում, օրերս հետևյալ ուշագրավ հայտարարությունն էր արել` Արցախում ոչ թե Կասպրշիկի գրասենյակի, այլ դիտորդների քանակը պետք է ավելացվի: Ինչպե՞ս կարող է Լավրովի նման հմուտ դիվանագետը նման սայթաքում անել, կամ սխալվել: Սա պարզապես սխա՞լ էր, թյուրիմացությո՞ւն, թե՞ Լավրովը պարզապես հրապարակայնացրել է Ռուսաստանի իրական մտադրությունը ղարաբաղյան գոտում դիտորդներ տեղակայելու մասին` սկզբում փոքրաքանակ, որը կդառնա ապագա խաղաղապահների հիմքը: Սա հենց այն սցենարն է, որը երկար ժամանակ է՝ ռուսական կողմը փորձում է կյանքի կոչել:
Միաժամանակ ակտիվացել են խոսակցությունները «առեղծվածային» Կազանի փաստաթղթի վերաբերյալ, որը 2011-ին առաջարկվել էր ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Հայաստանը համաձայնել էր ընդունել այդ փաստաթուղթը, իսկ Ադրբեջանը՝ հրաժարվել: Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը համաձայնվել է հետ տալ ազատագրված, նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Թեև այս փաստաթղթի հայկական կողմին ձեռնտու լինելու մասին կարելի է կասկածներ հայտնել, այդուհանդերձ, էլ ավելի կասկածելի է այն, որ Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ ռուսական կողմն ունի առաջարկություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկություններն ընդունելուն մոտ են: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։
Թե ինչ փաստաթղթի ընդունմանն են մոտ կողմերը՝ Կազանի, թե մի այլ՝ անհայտ է: Այդուհանդերձ, հստակ պարզ է, որ, եթե քառօրյա պատերազմից հետո Կրեմլը Հայաստանին պարտադրի առաջարկություն, ըստ որի՝ տարածքների մի մասը հանձնվում է Ադրբեջանին, իսկ մյուսները ստանում են հատուկ կարգավիճակ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ, ապա կունենանք հստակ դիվանագիտական ապացույց առ այն, որ Բաքվի վերջին հարձակումը եղել է Մոսկվայի թողտվությամբ, եթե ոչ հրահրմամբ: Միևնույն ժամանակ, վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծված «Ազգային Գվարդիա»-ին (Национальнная Гвардия) տրվելու են նաև օտարերկրյա խաղաղապահ առաքելություն իրականացնելու լիազորություններ: Ու թեև այդ կառույցը հիմնված է ՌԴ ոստիկանական զորքերի վրա, սակայն այն գործելու է նաև ՌԴ սահմաններից դուրս «խաղաղության պահպանման առաքելությամբ»:Այսինքն, եթե Լեռնային Ղարաբաղ ռուսաստանյան խաղաղապահ ուժեր գան, դրանք լինելու են այն զորքերը, որոնք Ռուսաստանում մասնակցում են ցույցեր ցրելուն:
Ստելլա Խաչատրյան