Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ծայր առած մարդու իրավունքների համատարած խախտումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, կարծես թե, սովորական պրակտիկայի է վերածվել: Սիրո և համերաշխության թավիշով պատված իշխանությունները միայն հեղափոխությունից հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում կարողացան պահել իրենց իսկ կողմից սահմանած արժեքները, այնուհետև ականատես եղանք նրան, ինչին որ ականատես եղանք: Ընդամենը մի քանի տարի առաջ, եթե ակտիվիստներին օրը ցերեկով մասկի շոու կազմակերպելով, ասֆալտին պառկացնելով բերման ենթարկեին, համապատասխան իրավապաշտպանների արձագանքը չէր ուշանա: Նրանք ընդհուպ գրություններ կուղարկեին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ պահանջելով, որպեսզի իրենց կառավարությունները արձագանքեն Հայաստանում տիրող իրավական բեսպրեդելին: Հեղափոխությունից հետո այդ նույն իրավապաշտպանները, մեղմ ասած, պապանձվել են: Այսօր էլ, երբ ոստիկանությունը անհամարժեք ուժ կիրառելով, դաժան հաշվեհարդար է տեսնում իրենց քաղաքացիական իրավունքը իրացնող ընդդիմության լիդերների հանդեպ՝ իրավապաշտպանները կրկին լռում են :
Լռում է Հայաստանի Հելսինկյան Կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, լռում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, լռում է Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավաբանները ընդդեմ խոշտանգումների ՀԿ-ն, Հույս ՀԿ-ն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն:
Ցավալի է, որ իշխանության կերակրամանին հասնելով, որոշ ՀԿ-ներ պատռեցին իրենց դիմակները և մոռացան իրենց բուն առաքելության մասին: Եվ գլխավոր հարցը այն է, թե ինչու մոռացան:
Դիցուք՝ Հյումըն Ռայթս Հաուսը անչափ ակտիվ դիտարկում էր թավշյա հեղափոխության ողջ ընթացքը՝ հետագա իր զեկույցում ներառելով մարդու իրավունքների անգամ ամենաչնչին խախտումները: Օրինակ, այդ զեկույցում նշվում է, որ հեղափոխության օրերին խոչընդոտվել են նաև ոստիկանության բաժանմունք բերված քաղաքացիների պաշտպանությունը կամավոր հիմունքներով ստանձնած փաստաբանների գործունեությունը։ Օրինակ, 2018 թվականի ապրիլի 17-ին փաստաբան Հայկուհի Հարությունյանին ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մոտ 40 րոպե թույլ չեն տվել ներս մտնել ոստիկանության բաժին: Միայն Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո է փաստաբանը կարողացել մուտք գործել շենք։ Նույն ոստիկանության բաժնում մեկ այլ փաստաբան՝ Արաքս Մելքոնյանին և նրա պաշտպանյալ Դավիթ Պետրոսյանին արգելել են դուրս գալ ոստիկանության բաժնից:
Համաձայն զեկույցի ուսանող-ակտիվիստները հեղափոխության օրերին եղել են ոստիկանների թիրախում. նրանք ենթարկվել են տարատեսակ ճնշումների, խոչընդոտվել է հավաքներին մասնակցելու նրանց իրավունքը։ Այսպես, ապրիլի 17-ին՝ այսպես կոչված՝ «փողոցները փակելու ակցիաների» ժամանակ, ոստիկանները թիրախավորել են ուսանող-ակտիվիստներ Վահան Կոստանյանին ու Դավիթ Պետրոսյանին՝ որպես ակցիաների համակարգողների։
Նույն Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը 2016 թվականին ահազանգում էր, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում առանց հիմքի բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցները (կարմիր բերետները)։ Մյուս իրավապաշտպան ՀԿ-ները միացել էին այս «ցասցմանը» և նույնիսկ պահանջել Աժ արտահերթ նիստ անցկացնել:
Ինչպես երևում է, Հայաստանում նախորդ տարիներին արևմտյան գրանտներով ակտիվ աշխատող ՀԿ-ները արձագանքում են մարդու իրավունքների խախտման դեպքերին, եթե դրանց կենտրոնում յուրային է: Իսկ քանի որ հեղափոխությունից հետո յուրայինները արդեն չեն թիրախավորվում, նրանք իշխանության մաս են, կամ իշխանության կամարտահայտողը, ապա նրանց պաշտպանելու կարիք էլ առանձնապես չկա, իսկ գործող իշխանությանը ընդդիմադիր ակտիվիստները՝ «եղունգ ունեն, թող գլուխները քորեն»…