ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին' Գիրք նվիրելու օրը, հանդիպել է Հայաստանի խոշոր հրատարակիչների հետ: «Բուկինիստ» գրախանութում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են գրահրատարակչության ոլորտում առկա խնդիրները, խոսվել է ձեռքբերումների, հաջողությունների և հետագա անելիքների մասին:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նախագահին մեր հրավերն ընդունելու համար: Խոսեցինք ոլորտում առկա խնդիրների մասին, սակայն չմոռացանք նաև հաջողությունները: Վերջին երկու տարում ոչ միայն «Բուկինիստ»-ը, այլև մյուս հրատարակիչներն ակնհայտ աճ են գրանցել գրքերի վաճառքի, հրատարակության, պոլիգրաֆիական և ձևավորման առումով: Մեր գրքերը մրցունակ են միջազգային հարթակում իրենց բոլոր ցուցանիշներով: Բնագրից թարգմանում ենք գրքեր, որոնք անգամ ռուսերեն դեռ չեն հրատարակվել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Խաչիկ Վարդանյանը: Նա ընդգծեց, որ նախագահը սիրով շրջել է գրախանութում' մեծ ուշադրություն դարձնելով բոլոր գրքերին:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը շատ կարևորեց այն փաստը, որ Նախագահն անդրադարձել է գրքի համար զրոյական ավելացված արժեքի հարկ սահմանելու հարցին: «Խոսեցինք նաև ընթերցանության մակարդակը բարձրացնելու, համայնքային գրադարանները նոր գրքերով համալրելու, հեռուստատեսությամբ գրքի գովազդը գովազդ չհամարելու մասին»,-ասաց Մարտիրոսյանը և նշեց, որ Նախագահը բանիմաց զրուցակից է:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանն ասաց, որ Նախագահը բավականին ծանոթ էր այն խնդիրներին, որոնք արծարծվել են հանդիպման ընթացքում: «Սերժ Սարգսյանը մեզ լսեց, ընդունեց և խոստացավ մանրակրկիտ ուսումնասիրել այդ հարցերը և հնարավոր լուծումներ գտնել դրանց համար»,-նշեց Կարապետյանը:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը շեշտեց, որ բարձրացրել են պետության կողմից մարզային գրախանութներին որոշակի արտոնություններ տալու խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան գոյատևել: «Հնչեցին տարբեր առաջարկություններ կապված դասագրքերի որակի փոփոխման հետ: Ներկայումս միջին և ավագ դպրոցներում դասագրքերը հրատարակվում են հինգ տարին մեկ: Որպեսզի կարողանանք բարձրացնել դրանց որակը և ժամանակակից մանկավարժական նվաճումներն ընդգրկենք դրանցում, խնդրեցինք կրճատել դրանց հրապարակման պարբերականությունը»,-եզրափակեց նա:


Սերժ Սարգսյանը «Բուկինիստ»-ին և մյուս հրատարակիչներին է նվիրել բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արևմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության վերջին 600 տարին: Նախագահն իր հերթին գրքեր է նվեր է ստացել. «Բուկինիստ» ընկերության տնօրենը նվիրել է անգլիական հրատարակչություններից մեկի հետ համատեղ հրատարակված «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որտեղ առանձին մեծ բաժնով ներկայացված է նաև Հայաստանը:

 

«Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրենը Նախագահին նվիրել է «Հայ արվեստի պատմություն» աշխատությունը, որտեղ ներկայացված է հայ կերպարվեստի և ճարտարապետության պատմական ուղին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը Սերժ Սարգսյանին նվիրել է ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» երկհատորյակը, որտեղ ներկայացված են քննախույզ գիտնականի մտորումները կեցության առեղծվածի ճանաչողության, բնության ու մարդու միջև մղվող հավերժական պայքարի մասին:

 

«Էդիթ Պրինտ» հրատարակչության նախագահը նվիրել է վերջին շրջանում հրատարակչության տպագրած թարգմանական գրականությունը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Մարդկանց երկիրը», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքերը: