Երեկ՝ փետրվարի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ` 17-ամյա Վիգեն Ն.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 178 ավագ դպրոցի մոտ վայր ընկնելու հետևանքով։
Մինչ ոստիկանները հիվանդանոցում դեպքի հանգամանքներն էին պարզում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի էլ է բերվում նշված բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Ռաֆայել Վ.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հիշում, թե որտեղ և ինչ պայմաններում է դանակահարվել։
Մինչ բժիշկները կպայքարեին նրանց կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզում են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Խաղաղ Դոնի փողոցի թիվ 21/5 հասցեի մոտից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և այդ ժամանակ նշված անձինք սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից ստացել են նշված մարմնական վնասվածքները։
Ըստ բժշկի հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու։
Էրեբունի հիվանդանոցի բժիշկների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ կարճ ժամանակ անց Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից պարզվել է, որ Վիգեն Ն.-ին և Ռաֆայել Վ.-ին նշված վնասվածքները պատճառել է Երևան քաղաքի Ավանեսովի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 17-ամյա Հովհաննես Մ.-ն։
Էրեբունու ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ փետրվարի 20-ին, կեսգիշերն անց Հովհաննես Մ.-ն ներկայացել է Ոստիկանություն։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վիգեն Ն.-ն սովորում է Երևանի թիվ 178 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, Ռաֆայել Վ.-ն՝ Երևանի թիվ 83 հիմնական դպրոցի 11-րդ դասարանում։