Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ հունիսի 23-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 23:40-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել են, որ աջ թոքի մասում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից իրենց մոտ է տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Իսրայել Հովհաննիսյանը, իսկ թոքի, ոտքի և ձեռքի մասում ստացած վնասվածքներովն՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Սիմոն Հովհաննիսյանը:

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ Մասիսի ոստիկաները պարզում էին դեպքի հանգամանքները, գլխի մասում ստացած վնասվածքով հիվանդանոց է բերվում նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Պարույր Հակոբյանը: Պարզվում է, որ նա նույնպես եղել է այդ վիճաբանության վայրում:

Մարմարաշենցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ Ի. և Ս. Հովհաննիսյանները հորեղբոր տղաներ են, և նրանց ու Պ. Հակոբյանին մարմնական վնասվածքները պատճառել է նույն գյուղի բնակիչ Գևորգը, սակայն Մասիսի ոստիկանություն է ներկայացել Հարութը, ով իբրև խոստովանել է, որ վնասվածքները պատճառել է ինքը, մինչդեռ Մասիսի ոստիկանները հրաժարվում են պարզել, որ իրականում խփողը եղել է Գևորգը, ում հայրը էլեկտրացանցի նախկին տնօրեն Հազարապետն է: