Ոլորտի գործունեությունը կարգավորվող նոր մարմինը՝ Ճարտարապետների պալատը կստեղծվի մարտի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Ճարտարապետության բնագավառի զարգացման համար չափազանց կարևոր էր 2017-ին «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Կարծում եմ՝ մինչև մարտի վերջ Ճարտարապետների միությունում կլինի համագումար, և Հայաստանում կստեղծվի Ճարտարապետների պալատը»,-ասաց Սարգսյանը:
Պալատն իրականացնելու է ճարտարապետների արտոնագրումը և գրանցումը, հաստատելու է էթիկայի կանոնները և վերահսկելու է դրանց կատարումը: Այն նաև մշակելու է անընդհատ ուսուցման ծրագրեր և կազմակերպելու է դասընթացներ, սահմանելու է շրջանավարտների պրակտիկայի կանոնները, կազմակերպելու և հետևելու է դրանց պատշաճ անցկացմանը, ինչպես նաև մշակելու է ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումներ: