Փետրվարի 28-ին Ազգային ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհդի հինգ անդամների, որոնցից Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը և Լիպարիտ Մելիքջանյանն ընտրվեցին հինգ, իսկ Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը` երեք տարի ժամկետով։
Բարձրագույն դատական խորհրդի, այս կառույցի նշանակության և տրված լիազորությունների մասին էլ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց իրավաբան Հովհաննես Չամսարյանի հետ։
-Պարո՛ն Չամսարյան, Բարձրագույն դատական խորհուրդն ի՞նչ նոր ասելիք է ունենալու դատական համակարգում, Սահմանադրությամբ այս խորհրդին ի՞նչ լիազորություններ են տրված։
Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների ադյունքում ձևավորված անկախ պետական մարմին է, որը, որպես կանոն, պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը: ՀՀ Սահմանադրության 175 հոդվածով սահմանվել է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակը։ Մասնավորապես, ի թիվս այլ լիազորությունների, բարձրագույն դատական խորհուրդը լիազորված է Հանրապետության Նախագահին ներկայացնել առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, համաձայնություն տալ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամազատությունից զրկելու վերաբերյալ, դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության և այլն։ Բարձրագույն դատական խորհրդին օրենքով կարող են վերապահվել նաև իր սահմանադրական կարգավիճակով պայմանավորված այլ լիազորություններ:
Կարծում եմ՝ իր լիազորությունների շրջանակներում Բարձրագույն դատական խորհուրդը իրավազոր է իրականացնել լրջագույն փոփոխություններ դատական համակարգում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն Արդարադատության խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի պարագայում անդամ չի կարող հանդիսանալ դատարանի նախագահը կամ Վճռաբեկ դատարանի նախագահը։ Անդամներից հինգին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը, ինչը և կատարեց, իսկ մնացած հինգ անդամներն ընտրվելու են տարբեր ատյանների դատավորների կազմից։ Բացի այդ, դատավոր և ոչ դատավոր անդամների միջև պարիտետ (հավասարություն) է սահմանվել, ինչպես նաև անդամի թեկնածության նվազագուն պահանջներ են նշվել անմիջապես ՀՀ Սահմանադրությամբ՝ մասնագիտական փորձառությանը վերաբերող։
Սակայն արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդը կցուցաբերի կամք՝ դատական համակարգում դրական փոփոխություններ կատարելու համար: Համոզված չեմ։
-Արդյոք բավարա՞ր են Սահմանադրությամբ տրված լիազորությունները 100 տոկոսանոց անկախ և չկոռումպացված դատական համակարգ ունենալու համար և արդյո՞ք այս խորհրդին տրված է բացարձակ անկախ և ազատ գործելու լիազորություն։
Անկախ, անաչառ և չկոռումպացված դատական համակարգ ունենալու համար անհրաժեշտ են մի շարք հանգամանքների միաժամանակյա առկայություն, մասնավորապես՝ սերնդափոխություն, պատժելիություն մթնոլորտի ապահովում, հասարակության իրավագիտակցության բարձրացում և այլն։ Կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գլխավոր պայմաններից է պատասխանատվությունը և քաղաքացիական վերահսկողությունը: Ինչպես արդեն նշեցի՝ Բարձրագույն դատական խորհուրդն ունի համապատասխան լիազորություններ, սակայն բացի դրանից՝ անհրաժեշտ է, որ այն ունենա կամք և լինի իրապես անկախ իրեն վերապահված գործառույթները արդարացի և թափանցիկ իրականացնելու համար։
-Արդյո՞ք ԲԴԽ‑ն կկարողանա վերականգնել դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։
-Դատական համակարգի նկատմամբ անվստահությունը վերացնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Այո՛, Բարձրագույն դատական խորհուրդն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարող է նպաստել դատական համակարգի հեղինակության բարձրացմանը, սակայն հաշվի առնելով, թե ովքեր են ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրված որոշ ԲԴԽ անդամները, խիստ կասկածում եմ, որ դա կարող է տեղի ունենալ, առնվազն՝ նրանց կյանքի այս փուլում։
-Դատական խորհրդի անդամներ Գագիկ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանը Ձեզ հավատ չե՞ն ներշնչում՝ հաշվի առնելով արդարադատության համակարգում նրանց փորձը։ Ի՞նչ սպասումներ ունեք խորհրդի մյուս անդամներից։
Թե՛ Գագիկ Հարությունյանը և թե՛ Գևորգ Դանիելյանը լավ իրավաբաններ են, ունեն բավականին մեծ փորձ, սակայն ո՛չ նրանցից և ո՛չ էլ խորհրդի մյուս անդամներից առանձնապես մեծ սպասումներ չունեմ։