Մարտի 20-ին Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում Երևանից Մոսկվա ուղևորվող մարդատար ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Առավոտյան 8:40-ին բախվել էին բեռնատարն ու ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր և տուժածներ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խոսքով՝ «Ինչպես նախորդ նմանատիպ դեպքերում, ՌՀՄ-ն տուժածներին և զոհվածների ընտանիքներին ցուցաբերում է ամենայն օժանդակություն: Ես իմ ցավակցութունն եմ հայտնում նրանց: Դժբախտաբար, չնայած հայկական ավտոբուսների հետ կրկնվող դեպքերին, այդպես էլ դեռևս նման ողբերգությունները կանխելու համար ոչ մի համակարգային միջոցներ չեն ձեռնարկվել: Արդյունքում տուժում են մեր համաքաղաքացիները, ովքեր հիմնականում անապահով են»:
ՌՀՄ Վորոնեժի տարածքային բաժանմունքի նախագահ Կամո Չոբանյանը տեղում տուժածներին օգնելու և նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու համար ընդհատել է Մոսկվայում բուժումը և անմիջապես վերադարձել մարզ: Տուժածներից ովքեր հոսպիտալիզացման կարիք չեն ունեցել, ավտոբուսներով տեղափոխվել են Մոսկվա, ապահովվել են սնունդով, կացարանով, այդ թվում նաև զոհված ուղևորի հարազատները: Այսօր Կամո Չոբանյանի կողմից կազմակերպվել է զոհված ուղևորի դիի տեղափոխումը Հայաստան:
Այս պահին, ՌՀՄ մամուլի ծառայության տեղեկատվությամբ, Պավլովսկի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ՀՀ երեք քաղաքացի, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը: Նա գտնվում է առավել ծանր վիճակում:
Տուժողների խոսքով՝ ՌՀՄ ներկայացուցիչներ Կամո Չոբանյանը, Նաիրի Նահատակյանը (նախագահի տեղակալ) և ՌՀՄ Վորոնեժի տարածքային բաժանմունքի այլ անդամներ իրենց ցուցաբերում են բոլոր հնարավոր օգնությունը, որը նրանք ընդունում են մեծ երախտագիտությամբ: Ո՛չ ՀՀ դեսպանատան աշխատակիցները, և ոչ էլ Հայաստանի այլ ներկայացուցիչներ նրանց նկատմամբ հատուկ ուշադրություն չեն ցուցաբերում: