Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ապրիլի 3-ին նորածին է մահացել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Կինը արյունահոսությամբ ծննդաբերել է Աբովյանի ծննդատանը: Մորը փրկել են, բայց երեխան թերի և խնդիրներով է ծնվել: Ծնվելուց հետո երեխային վերակենդանացրել են, ծնվել էր վաղաժամ և անհաս՝ 1կգ 700գ քաշով: Այնուհետև ստիպված երեխային տեղափոխել են մեզ մոտ՝ վերակենդանացման բաժանմունք: Նորածնի մոտ եղել է թոքային, շնչառական անբավարարություն, եղել է թերզարգացած: Խորացած շնչառական անբավարարության հետևանքով թոքը պատռվել է և երեխան մահացել է»,- ասաց Դալլաքյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ երեխան մինչև իրենց մոտ տեղափոխվելը մեկ անգամ արդեն վերակենդանացման ենթարկված է եղել:
Նա նշեց՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը:
Նշենք, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացել նաև ոստիկանությունը: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից մեզ փոխանցեցին, որ ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ:
«Քաղաքացին հաղորդում է տվել, որ քույրը Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ըստ հաղորդման՝ երեխան հետազոտվել է բժշկի կողմից, սակայն հաղորդում տվողը նշել է, որ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է»,- ասացին ոստիկանությունից: