ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի իշխող Հանրապետական կուսակցության ներկայացրած ցանկացած թեկնածուի: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Ով էլ լինի նրանց թեկնածուն, մենք կողջունենք, որովհետև կոալիցիոն հուշագրում նշված է, որ վարչապետի թեկնածու առաջադրում է Հանրապետական կուսակցությունը, քանի որ նրանք մեծամասնություն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Մարգարյանը:
Հարցին, թե ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Հրանտ Մարգարյանը պատասխանեց, որ եթե ՀՅԴ-ն կազմեր մեծամասնություն, ինքն այդ պաշտոնում կտեսներ ՀՅԴ-ական թեկնածուի, սակայն քանի որ իրենք մեծամասնություն չեն, հարգելու են մեծամասնության կարծիքը: «Ում իրենք որոշեն առաջադրել, մենք կընտրենք, քանի որ ով ունի մեծամասնություն, նա էլ պետք է առաջադրի վարչապետի թեկնածու»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ակնկալիքների մասին' Հրանտ Մարգարյանն ասաց, որ նրա խնդիրն է ձևավորել ազգային միասնականության մթնոլորտ, քաղաքական ուժերի միջև հարաբերությունների նոր նորմեր, հանդես գալ նոր նախաձեռնություններով ազգային արժեհամակարգի իմաստով: Հրանտ Մարգարյանը կարծում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը ճիշտ որոշում էր, քանի որ նա խոստումնալից գործիչ է, քաղաքականացված անձ չէ:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Այսօր կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Սպասվում է կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին: