ՌԴ Պետականն դուման համաձայնություն է տվել նախագահի կողմից Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի նշանակմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը կողմ է քվեարկել 383 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը, ձեռնպահ է մնացել 41-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը միաձայն կաջակցի Միշուստինի թեկնածությանը: ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքով՝ լիբերալ-դեմոկրատների կուսակցության պատգամավորների մեծամասնությունը մտադիր էր աջակցելու Միշուստինին: ՌԴԿՊ-ն ձեռնպահ մնալու որոշում էր կայացրել:
Աշխատանքի ընդմիջմանը լիագումար նիստին գրանցվել էր 438 պատգամավոր:
Նախօրեին Դմիտրի Մեդվեդեւը նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ իր ղեկավարած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: