ՀՀԿ խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը աչքի զարնեց մշտապես ինքնավստահ, խրոխտ ելույթներ ունեցող Արփինե Հովհաննիսյանի կեցվածքը, ով դժվարությամբ էր թաքցնում հուզմունքը, եթե չասենք՝ «խառը» հոգեվիճակը, որում հայտնվել էր: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին անչափ հուզում էր Փաշինյանի այն հայտարարությանը, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Հովհաննիսյանը բավական երկար ժամանակ նույն հարցը կրկնելով (գուցե մտածելով, որ այդպես հարցն ավելի տպավորիչ կթվա), փորձում էր հասկանալ՝ ինչպես է վարչապետի թեկնածուն պատկերացնում այդ գործընթացը: Ի դեպ՝ կհիշե՞ք մի դեպք, երբ արդարադատության նախարար եղած ժամանակ տիկին Հովհաննիսյանին այդչափ հուզած լիներ մեր երկրում քաղբանտարկյալների, նրանց կարգավիճակի կամ ազատ արձակմանը վերաբերող հարցերը: Նման դեպք հիշելն, ինչ խոսք, անչափ բարդ է:

 

Դժվար է ասել՝ պատմական պահի գիտակցո՞ւմն էր այդպես ցնցել տիկին Հովհաննիսյանին, թե՞ անսովոր կարգավիճակը, երբ պետք է անհարմար և «կծող» հարցել տալ, սակայն Արփինե Հովհաննիսյանն այսօր ՀՀԿ հավաքական կերպարն էր՝ ցայտնոտի մեջ: Իհարկե, հասկանալի է՝ հանրապետականների համար անչափ դժվար է ընդդիմության կաշվի մեջ մտնելը, և պետք է ասել՝ անում են դա անչափ անտաղանդ ձևով: Իհարկե, Արփինե Հովհաննիսյանին էլ կարելի է հասկանալ. հանդիսանալով ԱԺ փոխնագահ, ՀՀԿ՝ այսպես ասած՝ նոր ոգու ներկայացուցիչ, ստիպված է լինելու հրաժարվել ձեռք բերված բարձր դիրքից և լավագույն դեպքում բավարարվել շարքային, այն էլ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակով: Հովհաննիսյանը, մյուս հանրապետականների նման՝ կարծես թե ծանր է համակերպվում այդ իրողության հետ, միևնույն ժամանակ, հակադրելու որևէ բան չունենալով՝ ստիպված էր հուզախառն, պաթետիկ և կիսատ-պռատ քննադատական հարցադրումներով փորձել վարկաբեկել քաղաքական օպոնենտներին…

Ստելլա Խաչատրյան