ՀՀ ազգային ժողովի մայիսի 2-ին մեկնարկած քառօրյայի աշխատանքը չսկսվեց՝ քվորում չապահովելու պատճառով: Ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել էր 27 պատգամավոր:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ:
«Նշված ժամկետում նիստի իրավազորությունն ապահովելու դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին: Չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած»,-ասաց Բաբլոյանը:
Քիչ առաջ նորից տեղի ունեցավ գրանցում: Գրանցվել էր 33 պատգամավոր: Նիստը չկայացավ:
Հիշեցնենք՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր, որ քանի որ երկրում աննախադեպ իրավիճակ է, իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ և այս 4-օրյա աշխատանքներին չեն մասնակցելու: