Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կարծիքով, իրեն հեշտությամբ չի տրվել Եվրոպայի 4-րդ չեմպիոնությունը:

«Չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալը մի քիչ դժվար տրվեց: Սակայն հասանք նրան, ինչի համար գնացել էինք: Ամեն ինչ լավ դասավորվեց, ես էլ լավ մարզավիճակում էի: Եվրոպայի վերջին երկու առաջնություններում այնքան էլ լավ չեմ մասնակցել` խնդիրներ կային, վնասվածքներ ունեի»,-օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

 

Օլիմպիական չեմպիոնի խոսքով` հոգեբանական ճնշում չի եղել, կար միայն լարվածություն, բայց լարվածություն յուրաքանչյուր մրցաշարում էլ կա: «Բարձր մակարդակի մրցակցություն էր, և սա Եվրոպայի առաջնությունն է, որտեղ չկան թույլ ըմբիշներ: Ճիշտ է, միավոր չեմ տվել մրցակիցներիս ամբողջ առաջնության ընթացքում, և գուցե կողքից հեշտ է թվում, բայց ամեն գոտեմարտ իր դժվարությունն ունի»,-ասաց Եվրոպայի քառակի չեմպիոնը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում, Հայաստանը ներկայացնում էր 7 մարզիկ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Հին աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարսեն Ասլանյանն առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, դարձավ բրոնզե մեդալակիր: