ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները: Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:
«Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար»,-գրել է նախարարը, հավելելով, որ զարգացումների մասին կտեղեկացնի լրացուցիչ:
Փետրվարի 28-ից ուժի մեջ էր մտել կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, ինչպես նաև դեղեր բացթողելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր է գնել առանց դեղատոմսի, մյուս մասը՝ դեղատոմսերով։ Այս որոշումը հարուցել էր մասնագետների և հասարակ քաղաքացիների դժգոհությունը:
Այդ ամենը հաշվի առնելով կառավարության մարտի 6-ին որոշում ընդունեց կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը' մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով' մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ' թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի: