«Սասնա Ծռեր»-ի հարազատներն ու աջակիցները շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտան, որտեղ գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը: Պողոտայի երթևեկելի հատվածում տեղադրել են փոքրիկ վրաններ, նստարաններ, ամբողջ գիշերն այստեղ են անցկացրել: Նրանք պահանջում են փոխել խափանման միջոցը ու ազատ արձակել դատապարտյալներին:

Հիշեցնենք՝ երեկ դատարանը դատարանը որոշեց չբավարարել «Սասնա Ծռեր» խմբի գործով միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

 

Ակցիայի մասնակիցները սպառնում են փողոցը փակ պահել այնքան ժամանակ՝ քանի դեռ չի կատարվել իրենց պահանջը:

«Մենք փակելու ենք՝ մինչև իրագործեն մեր պահանջները, խափանման միջոցը փոխեն, բժշկական օգնություն ցուցաբերեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ արդեն 2-րդ օրն  է, ինչ «Սասնա Ծռեր»-ի աջակիցները փակ են պահում Արշակունյաց պողոտան: Նախօրեին «Սասնա Ծռեր»-ի պաշտպանները կրկին միջնորդեցին փոխել խափանման միջոցը, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց: Դրանից հետո աջակիցները դուրս եկան դատարանից և փակեցին Արշակունյաց պողոտան: