ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 25-ին ուղերձ է հղել շրջանավարտներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի շրջանավարտնե՛ր,
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության' «Վերջին զանգի» օրվա առթիվ:
Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց և լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը:
Մաղթում եմ, որ ձեր որոշումները լինեն հավասարակշռված ու դիպուկ, իսկ պատասխանատվությունը' արժանապատիվ և արժանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
Մաղթում եմ, որ քայլը, որն այսօր անում եք, ձեզ հասցնի նախանշված նպատակներին, և այս օրը ձեր ողջ կյանքում հիշվի որպես լուսավորի, բարու, հաղթանակի ծննդյան օր:
Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք, որովհետև ձեր ջանադիր ու հետևողական ինքնակատարելոգործումից են կախված մեր երկրի գալիք հաջողությունները, ձեր կայացումով է պայմանավորված այն տեղն ու դերը, որ կունենա Հայաստան պետությունն աշխարհում:
Սիրելի շրջանավարտնե՛ր,
Մաղթանքներիս հետ ընդունեք նաև հորդորս. հենց այսօրվանի՛ց ձեզ դրսևորեք որպես երկրի տեր ու քաղաքացի, հենց այսօ՛ր' ձե՛ր օրը եղեք կարգապահության օրինակ, զերծ մնացեք համակեցության կանոնների խախտումներից, բացառեք ամենաչնչին իրավազանցությունն անգամ, որպեսզի «Վերջին զանգի» այս օրը լուսավոր ու տոնական մնա ձեր ու բոլորիս հիշողության մեջ:
Կրկին շնորհավորում եմ ու բարի ճանապարհ, սիրելի շրջանավարտնե՛ր»: