Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սասնա Ծռերի» գործով ամբաստանյալներից 71-ամյա Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանք փոխելու, նրան ազատ արձակելու միջնորդությունը։ Ըստ այդմ, Գիչյանը կալանքից կազատվի, իսկ նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը։ 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում ընթացող նիստի ժամանակ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը:

 

Փաստաբանի խոսքով՝ Գիչյանը առողջական խնդիրներ ունի և չի կարող երկար մնալ կալանքի տակ։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ վերջինս ունի մոտ 20 հիվանդություն։ 

Հիշեցնենք, որ նա այն բեռնատարի սեփականատերն է, որով «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները ներխուժել էին ՊՊԾ գունդ և մեղադրվում է զինված խմբին օժանդակելու համար։ Իր պնդմամբ, նա չի իմացել, թե ինչ նպատակով են պատրաստվել օգտագործել իր բեռնատարը։

Նշենք՝ «Սասնա Ծռերի» գործով կալանքից ազատված առաջին ամբաստանյալը Կարո Եղնուկյանն է։ 

Լուսանկարը՝ hetq.am