Այսօր՝ հունիսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, շարունակվում էր «Սասնա Ծռեր» խմբի անդամների դատական նիստը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ այսօր դատարան են ուղարկվել ամբաստանյալ Արմեն Լամբարյանի դատաբժշկական հետազոտության արդյունքները: Ըստ այդ արդյունքների' Լամբարյանը հրազենային վնասվածքի պատճառով ստացել է մի շարք հիվանդություններ, սակայն դատաբժշկական եզրակացության մեջ նշված չէ, թե որքանով են այդ հիվանդությունները համատեղելի կալանքի հետ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ամբաստանյալի փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոցը, ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Փաստաբանը նաև ավելացրեց, որ եթե դատարանը միայն ստորագրությունը բավրարար չհամարի, կարող է կիրառել նաև 500 հազար դրամի չափով գրավ՝ հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը։
Դատախազ Արթուր Չախոյանը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ։
Դատարանը միջնորդությունը բավարարվեց՝ Արմեն Լամբարյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչմչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։